2. Էպիթելային հյուսվածքը
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի
բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի
բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի
տարատեսակներ։
Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը,
բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա
ածանցյալներն են եղունգներն ու մազերը։ Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և
կատարում հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող
լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ)
առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները
բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։
3. Շարակցական հյուսվածք
Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց
արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական
հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը,արյունը,ավիշը։
Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ
վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև
նյութից։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։
4. Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր
թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։
Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր
օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը,
կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը
գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային
ճարպային շերտը), իսկ ցանցանմանը՝ կարմիր
ոսկրածուծը,փայծաղը և
ավշային հանգույցները։ Հեղուկ շարակցական հյուսվածք են
արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և
նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։ Աճառային հյուսվածքը
կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային
նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է
հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։
5. Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց
արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։ Միջբջջային նյութը հարուստ է
անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով։
Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով
հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։
6. Մկանային հյուսվածք
Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային
նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ,
որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային
հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը
գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և
մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ
բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։
Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։
Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ
երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված
մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի,
դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց
կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ
զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են
հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։
7. Նյարդային Հյուսվածք
Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և
միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված
է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում
են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։
Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են
միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը
հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային
հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ,
կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացման զուգընթաց
ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա
պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ
նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները
կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։
Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային
հպումներով՝ սինապսներով։ Նյարդային հյուսվածքը մտնում է գլխուղեղի,ողնուղեղի,
նյարդային հանգույցների կազմության մեջ։