2. Մարմինը
Մողեսների մարմինը (երկարությունը՝ 3,5 սմ–4 մ)
իլիկաձև է կամ գլանաձև՝ պատված թեփուկներով ու
վահանիկներով, որոնց ձևն ու դասավորությունն ունեն
կարգաբանական նշանակություն։ Մեծամասնության
առջևի և հետևի վերջավորությունները հնգամատ են ու
լավ զարգացած, որոշ տեսակներինը բացակայում են, և
մարմինը նմանվում է օձի (անոտ մողեսներ)։ Ատամներն
ամրացած են ծնոտների ներսի մակերևույթին
(պլևրոդոնտ) կամ արտաքին եզրին (ակրոդոնտ)։
Լսողությունը և տեսողությունը լավ են զարգացած, շատ
տեսակներ ունեն երրորդ կամ գագաթնային աչք։ Կոպերը
սովորաբար շարժուն են, որոշ խմբերինը ձուլվել են և
վերածվել թափանցիկ թաղանթի կամ թաքնված են մաշկի
տակ։ Պոչը, աստիճանաբար նեղանալով, վերջանում է
սուր ծայրով, հաճախ գերազանցում է մարմնի
երկարությունը։ Վտանգի դեպքում, մկանների կծկման
շնորհիվ, հաճախ թողնում են պոչն ու փախչում, որը մի
քանի շաբաթ անց վերականգնվում է։
3. Գունավորումը խիստ բազմազան է և լավ
ներդաշնակվում է շրջակա միջավայրին։ Ծառաբնակ
տեսակները հաճախ կանաչ գունավորում ունեն,
անապատում ապրողները բաց գույնի են։ Որոշ
տեսակներ կարողանում են գունափոխվել և
հարմարվել միջավայրին։ Մեծ մասը ցամաքային
կյանք է վարում, կան ծառաբնակ, հողում և ավազում
ապրողներ։ Որոշ տեսակներ հարմարվել են
մարդամերձ տեղանքում գոյատևելուն հանդիպում են
բնակավայրերում և դրանց շրջակայքում
(դեղնափորիկ և ժայռային մողեսներ)։ Սնվում են
միջատներով և այլ անողնաշարավորներով, ավելի
խոշորները՝ մանր ողնաշարավորներով։
Մողեսների 26 տեսակներ կան: