2. ԷՆԵՐԳԻԱ
• Մեր օրգանիզմը, մեր տները, ավտոմեքենաներն ու ֆաբրիկաները կախված են
դրսից եկող էներգիայից: Երկրի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ
գրեթե ողջ էներգիայի աղբյուրը Արեգակն է: Եթե էներգիան սպառվի, ապա
բնության մեջ ոչինչ չի կարող ապրել, շարժվել կամ փոփոխվել:
• Դժվար է հեծանվով բարձրանալ լեռնալանջով կամ ձեռքով տեղափոխել ծանր
առարկաներ: Երբ ուժի ազդեցությամբ որևէ առարկա տեղափոխվում է մի
տեղից մյուսը, գիտնականներն ասում են, որ կատարվում է աշխատանք:
Որքան մեծ է ազդող ուժը, և որքան հեռու է տեղափոխվել առարկան, այնքան
ավելի շատ աշխատանք է կատարվել:Եթե ասում ենք, որ առարկան օժտված է
էներգիայով, նշանակում է, որ այն կարող է աշխատանք կատարել: Օրինակ՝
ավտոմեքենայի շարժիչն օգտագործում է վառելանյութի էներգիան՝
ավտոմեքենան շարժման մեջ դնելու համար: Էլեկտրական մարտկոցներում
պահված է էլեկտրաշարժիչն աշխատեցնելու համար անհրաժեշտ էներգիա:
Քամիները երբեմն ունենում են ծառերն արմատախիլ անելու էներգիայի
պաշար: Տաք առարկաները նույնպես օժտված են էներգիայով: Առարկան
կազմող մանրագույն մասնիկները՝ ատոմները, միշտ գտնվում են շարժման
մեջ, և երբ նյութը սկսում է տաքանալ, ատոմների շարժումներն արագանում
են:
3. ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽԱՐԿՈՒՄՆԵՐԸ
• Գոյություն ունեն էներգիայի բազմաթիվ տեսակներ: Շարժվող ամեն ինչ, օրինակ՝
ավտոմեքենաները կամ քամիները, օժտված է կինետիկ էներգիայով: Զսպանակները կամ
ձգված ու սեղմված այլ առարկաներ օժտված են պոտենցիալ էներգիայով, որը նաև բոլոր
ընկնող առարկաների էներգիայի տեսակն է: Երբ տաք նյութերը սառչում են, ճառագայթում
են ջերմություն կամ ջերմային էներգիա:
• Սննդում, վառելանյութերում և մարտկոցներում պարունակվում է քիմիական էներգիա, որն
անջատվում է քիմիական ռեակցիաների ժամանակ: Լույսն ու ձայնը օժտված են
ճառագայթային էներգիայով, էլեկտրական հոսանքը կրում է էլեկտրական էներգիա, իսկ
ատոմի միջուկից անջատվող էներգիան անվանում են միջուկային էներգիա:
• Գիտնականները պարզել են, որ թեև էներգիան մի տեսակից կարող է փոխարկվել մեկ այլ
տեսակի, սակայն այն հնարավոր չէ ոչնչից ստեղծել կամ ոչնչացնել:
• Ոտքով գնդակին հարվածելիս՝ մեր ընդունած սննդի քիմիական էներգիան մկաններում
փոխարկվում է գնդակի կինետիկ էներգիայի: Իսկ երբ գնդակը սլանում է օդով կամ
գլորվում է գետնի վրայով, և շփումը դանդաղեցնում է նրա ընթացքը, ապա գնդակի
կինետիկ էներգիան փոխարկվում է ջերմային էներգիայի (ջերմության) և ցրվում
միջավայրում:
• Վերջին հաշվով, էներգիայի մեծ մասը փոխարկվում է ջերմության, որը էներգիայի
ամենացածրորակ տեսակն է:
4. ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐ
• Հանածո և միջուկային վառելանյութերի սպառումը նվազեցնելու համար
անհրաժեշտ է գտնել էներգիայի նոր աղբյուրներ: Դրա համար կառուցվում
են ջրէկներ, հողմաէլեկտրակայաններ: Արևային վահանակներում ջուրը
տաքացվում է Արեգակի ճառագայթման էներգիայի հաշվին, իսկ արևային
մարտկոցներն այդ էներգիան փոխարկում են էլեկտրականության:
Օգտագործվում է նաև կենսավառելանյութ, որն արտադրվում է բուսական
կամ կենդանական նյութից: Բրազիլիայում բազմաթիվ ավտոմեքենաներ
աշխատում են շաքարեղեգի սպիրտով: Կեղտաջրերից և փտող աղբից
անջատվող գազերը նույնպես կարելի է օգտագործել որպես վառելանյութ,
իսկ որոշ էլեկտրակայաններում որպես վառելանյութ այրում են աղբը: 7 մլն
տ կենցաղային աղբն իր մեջ պարունակում է 2 մլն տ քարածխի չափ
էներգիա:
• Թվարկված բոլոր էներգիաների աղբյուրները վերականգնվող են, սակայն
այս կամ այն չափով վնասակար ազդեցություն են թողնում շրջակա
միջավայրի վրա: Օրինակ՝ ջրէկների համար կառուցված պատնեշները
փոխում են բնապատկերը և ոչնչացնում բույսերի ու կենդանիների ապրելու
վայրերը: Եվ քանի որ էներգիան անսպառ չէ, շատ կարևոր է դառնում նաև
նրա խնայողական օգտագործումը: