Արդի հայկական վավերագրական կինոյի խնդիրներն ու հեռանկարները

706 views

Published on

Րաֆֆի Մովսիսյան
Ուսումնասիրությունը իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատվերով Հարավային Կովկասում կինովավերագրության աջակցության CAUCADOC նախագծի շրջանակներում:

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
706
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
127
Actions
Shares
0
Downloads
8
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Արդի հայկական վավերագրական կինոյի խնդիրներն ու հեռանկարները

  1. 1. Արդի հայկական վավերագրական կինոյի խնդիրներն ու հեռանկարները Րաֆֆի Մովսիսյան Ուսումնասիրությունը իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատվերով Հարավային Կովկասում կինովավերագրության աջակցության CAUCADOC նախագծի շրջանակներում:
  2. 2. Նախաբան Հայկական ժամանակակից կինոյի վերաբերյալ կատարված ցանկացած ուսումնասիրություն առավել քան սուբյեկտիվ է և պայմանավորված ուսումնասիրողի`տվյալ դաշտի մասին ունեցած մասնավոր տեղեկատվության չափով և անձնական կապերով: Խնդիրը միևնույնն է՝ անկախ ուսումնասիրության համար ընտրված ժամանակահատվածից, լինի դա վերջին քսան կամ մեկ տարին: Այսինքն` խոսել ժամանակակից կինոարտադրության վիճակի մասին ստույգ թվերով և փաստերով անհնար է, քանի որ գոյություն չունի ասպարեզին վերաբերող պաշտոնական վիճակագրություն: Հայտնի չէ. • քանի ֆիլմարտադրող ընկերություն կա Հայաստանում, • քանի ֆիլմ է տարեկան արտադրվում Հայաստանում, քանի որ, բացի Ազգային կինոկենտրոնից, Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայից, հեռուստաընկերություններից, բազմաթիվ ֆիլմեր են նկարահանում մասնավոր ստուդիաները և անհատները ևս, • ֆիլմերից քանիսն են նկարահանված ժապավենով, քանիսը` այլ ֆորմատով, • նկարահանված ֆիլմերից քանիսն են խաղարկային, քանիսը` վավերագրական, քանիսը` մուլտիպլիկացիոն, քանիսը` լիամետրաժ, քանիսը` կարճամետրաժ, • յուրաքանչյուր ֆիլմի արժեքը, ֆիլմի արտադրության միջին արժեքը Հայաստանում, ֆիլմերի արտադրության վրա ծախսված տարեկան ընդհանուր գումարը, • քանի համատեղ արտադրության ֆիլմ է նկարահանվել, որ երկրների հետ, գումարային ինչ համամասնությամբ, • քանի հայկական ֆիլմ է մասնակցել միջազգային կինոփառատոներին, ինչ մրցանակներ են շահել, • արտադրական և հետարտադրական ծառայությունների միջինացված գները Հայաստանում, • քանի դիստրիբյուտորական ընկերություն կա Հայաստանում, • քանի ֆիլմ է ներկրվել Հայաստան այդ ընկերությունների կողմից, • քանի հայկական ֆիլմ է գնվել տեղական և արտասահմանյան դիստրիբյուտորների, քանիսը` հեռուստաընկերությունների կողմից,
  3. 3. • քանի ֆիլմ է ցուցադրվում` տարվա և ամսվա կտրվածքով. ինչպիսի տոկոսային հարաբերություն կա տեղական և արտասահմանյան ֆիլմերի ցուցադրման տվյալներում, • քանի սեանս է ցուցադրվել յուրաքանչյուր ֆիլմը, • հանդիսատեսի քանակը` տարվա, ամսվա, օրվա կտրվածքով, • դրամարկղային տվյալներ` տարվա, ամսվա, օրվա և սեանսի կտրվածքով: Խնդիրը հատկապես արդիական է վավերագրական կինոյի համար: Թվային տեխնոլոգիաների տարածումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անհատի նկարահանել իր վավերագրական ֆիլմը: Ուստի ենթադրելն անգամ, թե այսօր հնարավոր է նախորդ տարիներին Հայաստանում նկարահանված վավերագրական ֆիլմերի նույնիսկ թվաքանակի վերաբերյալ որևէ ստույգ տվյալ ունենալ, պարզապես անհեթեթ է: Վերոնշյալ կետերին (որոնք, անշուշտ, հավելման հնարավորություն ունեն) համարժեք տեղեկատվության ապահովումը չի գտնվում որևէ պետական կառույցի պարտավորությունների մեջ, ինչն էլ, իր հերթին, խոչընդոտում է ասպարեզի կառավարման և հեռանկարային պլանավորման հնարավորությանը: Չունենալով ստույգ տվյալներ, թե ինչ ունենք, այնուամենայնիվ, կարող ենք թվարկել, թե ինչ չունենք: Այս ուսումնասիրությունն էլ նպատակ ունի պետական և մասնավոր ստուդիաների, հեռուստաընկերությունների, անհատների փորձի և վարած քաղաքականության հետազոտման հիման վրա ստանալ վերջին հինգ տարվա ընթացքում վավերագրական կինոյի արտադրական և հետարտադրական դրության, այդ գործընթացային մեխանիզմներում հանդիպող հիմնային խնդիրների, հանրայնացման հիմնական ճանապարհների, զարգացման հեռանկարների հնարավոր ընդհանրացված պատկերը: Ուսումնասիրությունը հիմնված է նաև պետական և մասնավոր ճանապարհներով վավերագրական ֆիլմեր նկարահանող ու արտադրող ստուդիաների, հեռուստաընկերությունների ներկայացուցիչներից, անհատ կինոռեժիսորների հետ ունեցած հեղինակային հարցազրույցների վրա: Այդ հարցազրույցներն ուղղակի և անուղղակի ճանապարհներով ներկայացված են ուսումնասիրության տարբեր հատվածներում: Վավերագրական կինոարտադրությամբ զբաղվով պետական կառույցների արտադրական մեխանիզմներն ու հիմնախնդիրները
  4. 4. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1997 թվականի հուլիսի 21-ին: Մշակույթի ոլորտի ֆինանսավորումը, սկսած 2005-ից, իրականացվում է ծրագրային բյուջետավորման սկզբունքով, որի համաձայն՝ քաղաքականության միջոցառումները ներառվում են ծախսային ծրագրերում: Մշակույթի ոլորտի բյուջետային հատկացումները կատարվում են ըստ յուրաքանչյուր տարվա «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի: ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի համաձայն և ՀՀ կառավարության որոշմամաբ` կինոարտադրության համար նախատեսված հատկացումները բաշխվում են երկու առանձին իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների` Հայաստանի ազգային կինոկենտրոն և Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա ՊՈԱԿ-ների միջև: Անիմացիոն կինոյի արտադրության համար առանձին կետով պետական հատկացում է տրվում նաև «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ՍՊԸ-ին: Ակնհայտ է, որ Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի դեպքում, ինչպես և կառույցի անվանումն է հուշում, բյուջեն հատկացվում է փաստավավերագրական ֆիլմերի արտադրության նպատակով: 2006 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ը հանդիսանում է 1923 թվականին հիմնադրված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը գործում է ՀՀ մշակույթի նախարարության համակարգում: Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի կանոնադրության «Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը» բաժնի «ա» և «գ» կետերով նշված է, որ կինոկենտրոնը զբաղվում է կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրությամբ և անկախ է իր գործունեության գեղարվեստական ստեղծագործական ուղղությունների, կինոարվեստի ժանրի ընտրության մեջ: ՀՀ Մշակույթի նախարարության կողմից Ազգային կինոկենտրոնին կինոարտադրության նպատակով հատկացվող բյուջեն ներառում է հիմնական երկու ենթակետ` խաղարկային և մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրություն: Թեև վավերագրական կինոյի արտադրության և աջակցության մասին որևէ կետում անդրադաձ չկա, այդուամենայնիվ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայքում (ww.ncca.am) մի առանձին բաժին նվիրված է վերջինիս աջակցությամբ նկարահանված վավերագրական ֆիլմերին: 2008-ից մինչ օրս, համապատասխան նույն կայքում տեղադրված տեղեկատվությանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանվել են շուրջ 15 վավերագրական ֆիլմեր: Փաստորեն պետական հատկացումների հաշվին երկու տարբեր սուբյեկտներ իրականացնում են միևնույն գործառույթը: 1982-ին Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիան միացվել է «Հայֆիլմ» կինոստուդիային և գործել նրա կազմում որպես Վավերագրական ֆիլմերի
  5. 5. ստեղծագործական միավորում: 1990-ին Վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորումը դուրս է բերվել «Հայֆիլմ» կինոստուդիայի կազմից և սկսել է գործել ինքնուրույն` Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա անվանմամբ, այնուհետև` Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա ՊՈԱԿ: Համեմատության մեջ երկու կառույցների արտադրած վավերագրական ֆիլմերի և դրանց ճակատագրերի տարբերություններն առանձնապես մեծ չեն, այլ տարբեր են երկու կառույցների արտադրական սկզբունքները: Եթե Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի առաջարկած նախագծերի հիման վրա է կազմվում և հաստատվում վերջինիս բյուջեն, ապա Ազգային կինոկենտրոնը, որ գործում է հիմնադրամի սկզբունքով, ինքուրույն է տնօրինում նախապես հաստատված հատկացման վերաբաշխումը: Այսինքն` արտադրության երկու տարբեր ճանապարհներ են, որոնք սնվում են միևնույն` պետական բյուջեից: (ցանկալի է մանրամասնել՝) Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տրամադրած տեղեկության համաձայն՝ 2008-ից ի վեր ստուդիան արտադրել է շուրջ 71 ֆիլմ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի միջոցով 2008-ից մինչ օրս պետական ֆինանսավորմամբ նկարահանված մոտ 86 ֆիլմերից որևէ մեկը չի ունեցել դիստրիբյուցիա` ոչ երկրի սահմաններում և ոչ էլ դրանցից դուրս (ըստ «Հայկ» փաստավավերագրական ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Գևորգյանցի տեղեկատվության): Այդ ֆիլմերից միայն մեկը` Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»-ն (2013) է հանդիսանում համատեղ արտադրություն` Շվեյցարիայի և Հոլանդիայի հետ: Հայկական կողմից ֆիլմի նկարահանմանն աջակցել են «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Գևորգյանցը համատեղ արտադրությունների բացակայության վերաբերյալ ասում է. «Վավերագրական կինոյի համար, եթե, իհարկե, չես պրպտում, դիմում այստեղ գտնվող տարբեր արտասահմանյան ատյաններին, ապա ոչ ոք ֆինանսավորում չի տալիս: Մեր ստուդիան մասնակցում է տարբեր կինոշուկաների, ֆորումների, սակայն այդ առումով դեռևս որևէ գրանցած հաջողություն չունենք, որովհետև մենք շատ սպեցիֆիկ երկիր ենք: Մեր ունեցած խնդիրները միջազգային լուրջ հարցեր են բարձրացնում, ինչպես Ղարաբաղի հարցը: Դրա համար ոչ ոք չի ցանկանում գումար տալ. հեռու են կանգնում այդ թեմաներից: Եվ, անկեղծ ասած, մենք դրա կարիքը չունենք, որովհետև այն, ինչ որ տալիս է պետությունը, շատ չնչին գումար է, բայց կա
  6. 6. վավերագրողների հին խումբ և, իհարկե նրանց թվում երիտասարդներ, որոնք չեն աշխատում փողի համար, այլ աշխատում են, որովհետև պիտի աշխատեն, իրենք նկարահանում են այդ ֆիլմերը»: Ոլորտի որոշ այլ մասնագետների կարծիքները տարբերվում են: Կինոպրոդյուսեր Արմինե Անդայի «Կինոյի մասին օրենքի» (12.11.2013թ. ) վերաբերյալ քննարկմանը ներկայացված զեկույցում ասվում է. «Համատեղ արտադրությունները հատկապես մեզ պես փոքր արտադրություն ունեցող երկրների համար առանձնակի կարևորություն ունեն: Նախ՝ որոշակի տոկոսային հարաբերությամբ կնվազեն արտադրության ծախսերը, ինչը հնարավորություն կստեղծի պետական աջակցությամբ արտադրության ծավալների մեծացման համար: Երկրորդ հերթին` համատեղ արտադրությունը մեծացնում է մասնակից երկրում ֆիլմի դիստրիբյուցիայի հնարավորությունը` վաճառքը»: Ուշագրավ է, որ պետական աջակցությամբ տրամադրված գումարների և դրանց հաշվին նկարահանված ֆիլմերի ճակատագրով զբաղվում են հենց արտադրող կազմակերպությունները: Իսկ այդ ֆիլմերը շատ կարճ կյանք են ունենում և մեկ-երկու ցուցադրությունից հետո պարզապես մոռացության են մատնվում: Խնդիրը որոշակիորեն կարող էր հարթվել պրոդյուսերական դպրոցի գոյության պարագայում: Պրոդյուսերների բացակայությունը բնորոշ և հույժ կարևոր խնդիր է հայկական ժամանակակից կինոյի համար: Այդուամենայնիվ, եթե խաղարկային կինոարտադրության ոլորտում մի քանի պրոդյուսերներ կան, ապա վավերագրական կինոարտադրությամբ զբաղվող և պետական կառույցների հետ աշխատող պրոդյուսեր հասկացությունն իսպառ բացակայում է: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք դեռ ամբողջությամբ չենք հրաժարվել պետական ստուդիաների գոյության գաղափարից և պետական ֆինանսավորումը բացառապես նրանց տրամադրելուց: Այդ իսկ պատճառով էլ անգամ ծրագրերի հայտարարվող մրցույթները իմիտացիոն բնույթ են կրում, և, վերջին հաշվով, անկախ պրոդյուսեր ներկայացողները ամբողջական պատասխանատվություն չեն կրում ոչ ծախսվող գումարների, ոչ վերջնական արտադրանքի ճակատագրի համար: Իսկ նրանք, որոնց անունները ֆիլմերի տիտրերում նշվում է իբրև պրոդյուսեր, պարզապես այս կառույցների ենթակայության տակ գտնվող նկարահանող խմբերի ղեկավարներ կամ ադմինիստրատորներ են: «Այսօր գործում են երկու իրարից անկախ փորձագիտական հանձնաժողովներ, որոնք քննում են ներկայացված հայտերը և որոշում պետական օժանդակության ճակատագիրը: Հանձնաժողովներից մեկը գործում է Մշակույթի նախարարությանը կից, մյուսը`պետական օժանդակություն ստացող կառույցներում: Սա այն նույն սխեման է, որը գործում էր սովետական տարիներին, երբ սցենարը սկզբում հաստատվում էր
  7. 7. ստուդիայում, այնուհետև՝ հանրապետական Պետկինոյում, և, վերջապես, միութեական Պետկինոյում: Տարբերությունն այն է, որ նախկինում խիստ ստորադասում գոյություն ուներ`վերևինների հաստատածը ստորադասը չէր կարող մերժել, ինչպես և չէր կարող ինքնուրույն որոշումներ ընդունել», - նշում է կինոգետ Միքայել Ստամբոլցյանը` «Հայկական կինո» վերլուծական զեկույցում, Երևան, 2010 թ.: Իսկ այժմ, ինչպես նշեց (երևի՝ ասաց) Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Գևորգյանցը՝ լինում են դեպքեր, երբ արդեն հաստատված նախագիծը դուրս է գալիս և փոխարիվում մեկ ուրիշով: Հստակություն մտցնելու համար պետք է առաջնորդվել ամենուր ընդունված գլխավոր սկզբունքով. պետական օժանդակություն բաշխողը չի կարող ինքն էլ ստացողն ու տնօրինողը լինել: Ամբողջ աշխարհում ազգային կինոկենտրոնները, հիմնադրամները, ինստիտուտները երբեք հանդես չեն գալիս որպես արտադրող, դիստրիբյուտոր կամ ցուցադրող`շահերի բախումից և կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: Այդ կառույցներին կից են գործում անկախ փորձագիտական հանձնաժողովները, որոնք ստեղծվում են ռոտացիոն սկզբունքով և միայն այն մասնագետներից, որոնք հանձնաժողովում աշխատելու ամբողջ շրջանում չեն կարող անգամ կողմնակի առնչություն ունենալ ներկայացված ծրագրերին: Հանձնաժողովներն առաջնորդվում են հանգամանորեն մշակված և նախարարության կողմից հաստատված կանոնակարգով: Հանձնաժողովի աշխատանքները բաց են և թափանցիկ հանրության համար: 2000-ից ի վեր`Ազգային կինոյի զարգացման մասին օրենքի ընդունմամբ, նույն սկզբունքներով է առաջնորդվում նաև Վրաստանի ազգային կինոկենտրոնը: Անկախ պրոդյուսերների կայացմանը խոչընդոտող և պետական աջակցություն ստացող կառույցին իբրև արտադրող ներկայանալու պատճառներից մեկը կապված է հարկային և մաքսային խնդիրների հետ: ՊՈԱԿ-ներից ստացվող բյուջետային գումարներից այժմ ավելացված արժեքի հարկ չի գանձվում: Սակայն եթե այդ գումարը նրա կողմից բաշխվում և փոխանցվում է անկախ (մասնավոր) պրոդյուսերին, ապա հարկը գանձվում է: Հասկանալի է, որ այդ դեպքում պետական օժանդակությունը կամ չի հասնի մասնավոր պրոդյուսերին, կամ նա ստիպված կլինի աշխատել որպես պետական ձեռնարկության ստորաբաժանում: Որպեսզի հարցի լուծումը չկապվի հարկային օրենսդրության փոփոխությունների հետ, պետք է օգտվել միևնույն խնդրին բախված և այն հաղթահարած երկրների, օրինակ`Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության փորձից և, տարեկան բյուջեն կազմելիս, «Պետական աջակցություն կինոյին» հոդվածում նախատեսել նաև ավելացված արժեքի հարկը: Դրա արդյունքում` աջակցությունը բաշխելուց և պրոդյուսերներին փոխանցելուց հետո ավելացված
  8. 8. գումարը նորից վերադառնում է բյուջե: Թվարկված բացերի մեծ մասը հետևանք է այն բանի, որ չունենք «Կինոյի մասին» օրենք, որը և կկարգավորեր ոլորտի իրավական և տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև կհստակեցներ ենթակառուցվածքը: Օրենքը ոչ միայն կճշտեր պետություն-հասարակություն-կինո հարաբերությունները, այլև իրավական հիմք կդառնար անկախ պրոդյուսերական դպրոց ունենալու համար: Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան պետական ֆինանսավորմամբ վավերագրական ֆիլմեր նկարահանելուն, այսինքն` վավերագրական կինոյի պետական քաղաքականությանն ու երկրին անհրաժեշտ վավերագրական ֆիլմերի արտադրանք ապահովելուն զուգահեռ, զբաղված է նաև խրոնիկայի հավաքագրմամբ: Ինչպես նշեց ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Գևորգյանցը՝ երկրում կատարվող կարևոր իրադարձությունների փաստագրման հրահանգները ստուդիան ստանում է ՀՀ Մշակույթի նախարարությունից: Այժմ այդ գործառույթն իրականացնելու համար ստուդիան համագործակցում է նաև Հայաստանի հեռուստաընկերությունների հետ: Այսինքն`վերցնում է նրանց օպերատորների կողմից նկարահանված տեսանյութերը և արխիվացնում դրանք: Դրան զուգահեռ՝ քրոնիկայի հավաքագրմամբ շատ հաճախ զբաղվում են նաև ստուդիայի հետ համագործակցող վավերագրողները: Թե ինչ նշանակություն ունի պետական մակարդակով քրոնիկայի հավաքագրումը և ինչ մեխանիզմներով, տեխնիկական որակով են դրանք իրագործվում և ինչ խնդիրներ կան այդ գործառույթում, ուսումնասիրության մեկ այլ բովանդակալից թեմա է: Վավերագրական կինոարտադրությամբ զբաղվով մասնավոր ստուդիաների քաղաքականությունն ու արտադրական առանձնահատկությունները Հայաստանում մեծ թվով ֆիլմեր արտադրվում են մասնավոր ստուդիաների, ընկերությունների կողմից: Հեռուստաընկերությունները ևս զբաղվում են հեռուստատեսային վավերագրական ֆիլմերի արտադրությամբ: Հեռուստաընկերությունների`վավերագրական ֆիլմեր նկարահանելու հիմնական պատճառը պետական և մասնավոր ընկերությունների, ստուդիաների և, իհարկե, անհատների գործնական փոխհարաբերությունների թույլ լինելու կամ դրանց իսպառ բացակայության դրսևորումն է: Այս հարցին առանձին կանդրադառնանք, բայց մի ուշագրավ առանձնահատկություն հեռուստատեսությունների վավերագրական կինոարտադրության մեջ, այդուամենայնիվ, կա: Հեռուստատեսային վավերագրական ֆիլմերը նկարահանում են ոչ թե հրավիրված կամ այլ ստուդիաների հետ համագործակցող ռեժիսորներ, այլ հիմնականում հենց տվյալ ընկերության լրագրողները: Այսինքն՝ խոշոր հաշվով, դրանք շատ հաճախ ընդունված ռեպորտաժի
  9. 9. ժամանակային սահմանները խախտող տեսաֆիլմեր են`լրագրողական հետաքննություններ: Անշուշտ, սա ևս կարելի է դասել վավերագրական կինոտեսակին կամ համարել վերջինիս ճյուղ, որ դասական վավերագրության և հեռուստատեսության միաձուլման (մուտացիայի?) արդյունք է: Տեղեկատվության փոխանցումն առաջնային չհամարող վավերագրական ֆիլմերին, որոնք, նախ և առաջ, կարևորում են կինոմտածողությունը և ընտրված նյութը ծառայեցնում դրան, ժամանակակից հեռուստաէկրաններին շատ հազվադեպ կարելի է հանդիպել: Հայաստանում վավերագրական կինոարտադրությամբ զբաղվող մասնավոր ընկերությունները և ստուդիաները հաշվի են նստում այդ երկու տեսակների գոյության հետ և փորձում համատեղել դրանք: Այդօրինակ ընկերությունների թվին է պատկանում «Բարս մեդիա»-ն: Այն զբաղվում է միջազգային հեռուստաընկերությունների հետ համատեղ ֆիլմերի արտադրմամբ, որոնք հետագայում ցուցադրվում են տարբեր երկրների հեռուստաալիքներով, ինչպես նաև մասնակցում են փառատոնների: «Բարս մեդիա»-ն 2008-ից ի վեր նկարահանել է երեք լիամետրաժ վավերագրական ֆիլմ`«Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից», ռեժիսոր՝ Վարդան Հովհաննիսյան, «Վերջին լարախաղացը», ռեժիսորներ`Արման Երիցյան և Իննա Սահակյան, “Donkeymentary ”, ռեժիսոր`Արման Երիցյան: Զուգահեռաբար ընկերությունը նկարահանում է ավելի փոքր վավերագրական ֆիլմեր տարբեր հասարակական կազմակերպությունների պատվերով կամ գրանտային ծրագրերի շրջանակներում, այդ ֆիլմերի թիրախն արդեն տեղական շուկան է: Վերջին հինգ տարվա ընթացքում ստուդիան նկարահանել է տասից ավելի նմանօրինակ ֆիլմ: «Բարս մեդիա»- ի ֆիլմարտադրության քաղաքականության մեջ մի կարևոր առանձնահատկություն կա, որը մեր`տեղական արտադրության ոլորտում քիչ հանդիպող է նույնիսկ խաղարկային ֆիլմերի արտադրման ասպարեզում: «Մեր ստուդիայի ֆիլմերը չեն նկարահանվում միայն փառատոններ ուղարկվելու կամ հեռուստատեսություններին վաճառվելու համար: Փորձում ենք համատեղել երկուսն էլ: Արտադրված յուրաքանչյուր ֆիլմն էլ նպատակ ունի հետ բերել ներդրված միջոցները: Ֆիլմերի ցուցադրությունների և տարածման իմաստով ստուդիան շատ ճկուն է և հաշվի է առնում շուկայի պահանջը: «Բարս մեդիա»-ն կարող է առաջարկել միևնույն ֆիլմի տարբեր ձևաչափային, քրոնոմետրային տարբերակներ, այսինիքն`տարբեր հեռուստատեսությունների պատվերներին համարժեք: Հեռուստատեսային տարբերակներին զուգահեռ՝ ստուդիան ունի նաև ֆիլմերի հեղինակային կամ փառատոնային տարբերակները: Այդ իմաստով՝ «Բարս մեդիա»-ն թերևս եզակի է հայկական կինոարտադրության մեջ: Գուցե հենց դրա ադյունքում է նաև, որ ստուդիայի արտադրած ֆիլմերը, շուկայում ունեցած հաջողություններին զուգահեռ` լավ
  10. 10. ընդունելության են արժանանանում փառատոններում ևս»,- մեկնաբանում է «Բարս մեդիա» ընկերության պրոդյուսեր Իննա Սահակյանը հարցազրույցի ընթացքում: Թեև «Բարս մեդիա»-ի նկարահանած ֆիլմերը աշխարհի բազմաթիվ հեռուստաընկերություններով հեռարձակվել են, սակայն ստուդիան մինչ օրս որևէ համագործակցություն չի ունեցել տեղական հեռուստաընկերությունների հետ` ո´չ արտադրողական փուլում և ո´չ էլ ավարտուն ֆիլմերի ցուցադրման առումով: «Մեր տեղական հեռուստատեսությունները պատրաստ չեն մեծ վավերագրական ֆիլմի մեջ ներդրում անել կամ գնալ համատեղ արտադրության: Ինչպես հայտնի է բոլորին՝ տեղական հեռուստաընկերությունների կինոքաղաքականությունն այլ է. նրանք իրենց ներդրումն անում են ներքին արտադրության համար, այսինքն`իրենք են նկարահանում հեռուստատեսային վավերագրական ֆիլմեր: Իհարկե, այդ իմաստով էլ խնդիրներ կան, քանի որ հստակ բաժանում վավերագրական ֆիլմի, հեռուստատեսային վավերագրական ֆիլմի, հեռուստառեպորտաժի կամ հաղորդման միջև չկա: Խնդիրները շատ են, բայց ամենակարևորը պետական աջակցության բացակայությունն է: Աջակցության չափն այս դեպքում հարաբերական է և առավել կարևոր՝ զուտ իբրև երևույթ: Երբ նախագիծն աջակցություն է ունենում ներկայացնող կողմի պետության կողմից, ապա համաարտադրության հնարավորությունները շատ ավելի հավանական են դառնում: Հատկապես, երբ խոսքը միջազագային հեռուստաընկերությունների հետ համաարտադրության մասին է, քանի որ նրանց համար անհասկանալի է, թե ինչու քո երկրի հեռուստատեսությունը որևէ ներդրում չունի այդ նախագծի իրականացման հարցում »,- ասում է Իննա Սահակյանը: Հետաքրքրական է, որ «Բարս մեդիա»-ի` տեղական թեմայով նկարահանված ֆիլմը, ինչպիսին է Վարդան Հովհաննսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» կինոնկարը, որի հերոսները Արցախի ազատագրական պայքարի մասնակիցներն են, վարձույթում և տարածման մեջ առավել մեծ հաջողություններ է գրանցում երկրի սահմաններից դուրս, քան երկրի ներսում: Այս օրինակը ևս փաստում է Հայաստանում կինոյի դիստրիբյուցիայի բացակայության, կինոյի զարգացման մշակութային քաղաքականության համակարգային թերացման մասին: Հայաստանում վավերագրական կինո և հեռուստատեսություն փոխհարաբերությունն առավել տեսանելի դարձնելու համար կարևոր դերակատարում ունի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (մինչև 03.07.2013 թ.` Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպություն): Կենտրոնը զբաղված է այնպիսի ֆիլմերի արտադրությամբ, որոնց համար առաջին տարածման ճանապարհը հեռուստատեսությունն է: Այսինքն՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի վավերագրական ֆիլմերի մասին խոսելիս, առաջին հերթին դրանք պետք է ընկալել իբրև
  11. 11. հեռուստատեսության հավելում: «Մեզ համար վավերագրական կինոն առաջին հերթին ոչ միայն արվեստ է, այլ մեզ կարևոր թվացող խնդիրների բարձրաձայնման, դրանց շուրջ խոսակցություն սկսելու հնարավորություն: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համար խոշոր հաշվով կարևոր է այն կինոն, որը լուրերից, մամուլում շրջանառող տեղեկատվությունից է ձևավորվում: Չենք կարող ասել, որ մեր ֆիլմերը փառատոններում հաջողություն ունեն: Մեր արտադրած վավերագրական, ոչ- խաղարկային ֆիլմերը դառնում են ուսուցմանն ու կրթությանը ծառայող գործիք: Օրինակ`տարբեր երկրների հակամարտությունների վերաբերյալ նկարահանված վավերագրական շարքը»,- բացատրում է կազմակերպության մոտեցումները «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» տնօրեն Նունե Սարգսյանը: «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» ֆիլմերը` արտադրությունից հետո անվճար տրամադրվում են հեռուստաընկերություններին: Վերջին տարիներին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի` վավերագրական կինոյի արտադրման քաղաքականությունն ունի նաև երիտասարդ լրագրողներին վավերագրական ֆիլմերի նկարահանման գործընթացում ներգրավելու նպատակ: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի` հեռուստատեսություն և վավերագրական կինո համագործակցության կանոնավորման փորձերն ինքնանպատակ չեն, քանի որ կազմակերպության մասնագետների կարծիքով՝ ժամանակակից վավերագրական կինոյի հանրայնացման առաջին ճանապարհը հենց հեռուստատեսությունն է: «Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանում նկարահանվող վավերագրական ֆիլմերից շատերի նպատակը, տարածման քաղաքականությունը ի սկզբանե հստակեցված չէ, և այդ է պատճառը, որ դրանց մեծ մասը քնում է դարակներին: Ինչ վերաբերում է այն վավերագրական ֆիլմերին, որոնք պահանջարկ են վայելում արտասահմանյան երկրների հեռուստաընկերությունների, բայց ոչ մեր հեռուստաընկերությունների կողմից, կարծում եմ՝ երկուստեք համագործակցության պակասի և նպատակների անճշտության պատճառ է: Եթե ֆիլմերը արտաքին շուկայում պահանջարկ վայելում են, ուրեմն ներսում դրանց ցուցադրումը գուցե այլ կերպ, բայց պետք է խրախուսված լինի: Այդ ֆիլմերն անպայման պետք է հեռարձակեն տեղական հեռուստաընկերությունները. կարևոր է, որպեսզի այդ ֆիլմերը հայ հանդիսատեսը տեսնի: Իհարկե, պաշտպանելով ֆիլմի հեղինակային և հարակից բոլոր իրավունքները: Այսօր վավերագրական կինոն միայն հեռուստատեսությամբ ցուցադրելը բավական չէ, և պետք է մատուցման տարբեր ձևեր և ճանապարհներ գտնել: Հակառակ դեպքում՝ համագործակցությունը կավարտվի՝ «ռեյտինգ չի ապահովում» հայտնի տրամաբանությամբ: Ռեյտինգ ապահովելու համար կարևոր են մատուցման ձևը, ցուցադրության համար ընտրված ժամը և այլն...» (հատված՝ Նունե Սարգսյանի հետ կայացած նույն հարցազրույցից):
  12. 12. «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ը վերջին հինգ տարիներին նկարահանել է հիսունից ավելի վավերագրական ֆիլմեր: «Օրդֆիլմ» կինոընկերությունը հիմնականում զբաղվում է կոմերցիոն փաստավավերագրական ֆիլմերի արտադրությամբ, որոնք գլխավորապես ուղղված են ներքին շուկային: Ի սկզբանե ընկերությունը ստեղծվել է՝ նպատակ ունենալով պետական և մասնավոր աջակցությամբ վավերագրական ֆիլմեր նկարահանել, սակայն, ինչպես նշում է ստուդիայի հիմնադիր տնօրեն Հայկ Օրդյանը՝ կարճ ժամանակում հասկանալի է դարձել, որ այդ ճանապարհով փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայի գործունեությունն անհնար է. «Ակնհայտ է, որ մասնավոր և պետական ստուդիաների կամ հիմնադրամների հետ համագործակցելու համար դեռևս նպաստավոր պայմաններ չկան: Ես փորձեցի Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնել մի նախագիծ, սակայն հայտնի դարձավ, որ դա հնարավոր էր միայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցելով: Իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնն ունի իր կողմից մշակած կետեր և վերաբաշխումը կատարում է միայն այդ դրույթներով: Իսկ այդ դրույթները հնարավորություն են տալիս դիմել միմիայն իբրև անհատ պրոդյուսեր կամ ռեժիսոր: Վերջիվերջո, Ազգային կինոկենտրոնի հետ բանակցությունները հանգեցին այն եզրակետին, որ իրենք այնքան էլ հետաքրքրված չեն փաստավավերագրական ֆիլմերով: Պետական աջակցություն ստանալու մյուս ճանապարհը Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» ստուդիան է, որն էլ ինքն է զբաղվում իր նախագծերի արտադրությամբ» (հատված «Օրդֆիլմ» կինոարտադրող ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Օրդյանի հետ ունեցած հարցազրույցից): ՀՀ Կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության հիմնական նպատակներից մեկը, որը բնութագրում է նաև ազգային կինոյի զարգացման մեր պետական քաղաքականությունը, Հայաստանում մասնավոր կինոարտադրության կայացումն է: Ենթադրաբար դա վերաբերում է կինոյի բոլոր տեսակներին, այդ թվում` վավերագրական կինոյին, որի դեպքում փաստացի որևէ հստակ ճանապարհ պետական և մասնավոր օղակների համագործակցության համար, գոյություն չունի: Ընկերությունը Հանրային հեռուստաընկերության հետ (Հ1) համատեղ արտադրել է ազգային 15 հերոսների մասին պատմող դիմանկար-վավերաֆիլմերից առաջին երեքը: Հետագայում ծրագիրը դադարեցվել է, քանի որ Հանրային հեռուստաընկերության համար ֆիլմի արտադրությունը համարվել է թանկարժեք, իսկ ստուդիայի համար նույնիսկ ֆիլմի ինքնարժեքը չի կազմել: Այժմ ստուդիան ունի կոմերցիոն պատվերներ տարբեր գերատեսչությունների, ընկերությունների կողմից, որոնցից ստացված շահույթի հիման վրա էլ հնարավորություն է ունենում տարեկան մեկ ոչ կոմերցիոն հեղինակային
  13. 13. վավերագրական ֆիլմ արտադրել: «Օրդֆիլմ» ընկերությունն իր ստեղծման օրից ունի այդօրինակ տասը վավերագրական ֆիլմ: Անշուշտ, վավերագրական ֆիլմեր արտադրող մասնավոր ընկերությունների թիվն այսքանով չի սահմանափակվում: Ընտրված էին իրենց արտադրական ձևով, նպատակով տարբերվող այնպիսի ընկերություններ, որոնց ունեցած խնդիրները բնորոշ են գոյություն ունեցող մյուս ընկերություններին: Բազմաթիվ ռեժիսորներ վավերագրական ֆիլմեր են նկարահանում պետական աջակցություն ունեցող, մասնավոր ստուդիաներին, հիմնադրամներին զուգահեռ: Դրանք հիմնականում անհատական փոքր բյուջե ունեցող նախաձեռնություններ են, որոնք հաճախ կարճ կյանք են ունենում, քանի որ դրանց տարածման համար հիմնական նախաձեռնությունն էլ վերստին մնում է ռեժիսորի հայեցողությանը: Տեղական վավերագրական ֆիլմերի հանրայնացման հիմնական ուղիներն ու արդյունավետությունը Անհերքելի փաստ է, որ կինոարտադրության, դիստրիբյուցիայի և ցուցադրողների վերջնական նշանակետը հանդիսատեսն է, այսինքն` արտադրանքը սպառողը: Եթե սովետական` ամբողջությամբ պետական ֆինանսավորում ունեցող կինոքաղաքականության մեջ հանդիսատեսը կինոյի ստեղծման և տարածման շղթայի վերջնակետն էր ու թիրախը, ապա այսօր հանդիսատեսի մասնակցության նպատակային գործոնը կտրուկ շրջադարձի է ենթարկվել, և նա միևնույն` արտադրություն-տարածում- սպառում շղթայի ելակետն է: Այդպես է կինոարտադրության առավել զարգացած փորձ ունեցող երկրներում, որտեղ սպառողն իր վճարած գումարով դառնում է կինոարտադրության հիմնական և ամենացանկալի ներդրողը: Ակնհայտ է, որ սա դիստրիբյուցիայի մեխանիզմի ճիշտ աշխատանքի արդյունք է: Հայաստանում, ցավոք, դեռևս շատ վաղ է խոսել դիստրիբյուցիայի մասին, այն էլ վավերագրական կինոյի պարագայում, որի տարածման և սպառողին հասցնելու ճանապարհն առավել հագեցած է խոչընդոտներով: Ամբողջ աշխարհում ֆիլմերի տարածման համար գործում են միևնույն հիմնական ուղիները` կինոթատրոն, հեռուստատեսություն, սկավառակ, համացանց: Հայաստանում այսօր ունենք չորս գործող կինոթատրոն` երեքը Երևանում (հինգ դահլիճ), մեկը`Գյումրիում, մյուսը` Բերդում (երկու դահլիճ), մոտ 2000 նստատեղերի ընդհանուր թվով: Երկուս ու կես միլիոնից ավելի բնակչություն ունեցող պետության համար սա չնչին թիվ է: Վավերագրական կինոյի ցուցադրման հարթակ Երևանում գործող կինոթատրոնները հիմնականում ծառայում են պրեմիերայի համար, որը հիմնականում սահմանափկվում է մեկանգամյա անվճար դիտումով:
  14. 14. 2008-ից ի վեր կինոթատրոնում վարձույթի հնարավորություն ունեցել են ընդամենը երկու` Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն» և Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմերը: Ուշագրավ է, որ Վարդան Հովհաննիսյանի ֆիլմը, որը նրա ղեկավարած «Բարս մեդիա» ընկերության արտադրությունն է, միջազգային շուկայում և փառատոներում հաջողություններ ունենալով հանդերձ` տեղական կինովարձույթում մնաց աննկատ: Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն» ֆիլմը ևս մասնավոր ընկերության` «Վէմ Մեդիա Արուեստներ» ստուդիայի արտադրությունն է: Այս դեպքում՝ ֆիլմը տեղական կինովարձույթում ունեցավ շոշափելի հաջողություն: Համաձայն ռեժիսորի տրամադրած տեղեկատվության` ֆիլմը դիտել է մոտ 25 000 հանդիսատես: Պետական աջակցությամբ արտադրված որևէ վավերագրական ֆիլմ կինովարձույթի հնարավորություն չի ունեցել: Հաշվի առնելով կինոթատրոնների սակավությունը` տեղական կինոյի տարածման հիմնական ճանապարհը պիտի որ դառնար հեռուտատեսությունը: Սակայն տեղական թե´ մասնավոր, թե´ պետական հեռուստաընկերությունների և վավերագրական կինոարտադրությամբ զբաղվող մասնավոր և պետական ստուդիաների հարաբերությունները, մեղմ ասած, աննկատ են: Եթե նույնիսկ անտեսենք հեռուստաընկերությունը`իբրև տեղական կինոյի զարգացմանը նպաստող հնարավոր և լուրջ միջոց լինելու համաշխարհային փորձը, ապա զուտ արտադրանքի տարածման, հանդիսատեսին հասցնելու քայլեր էլ գրեթե մեր հեռուստաընկերությունների կողմից չկան: Ստեղծված անբարենպաստ իրավիճակում խնդրի արմատը գտնելու համար օբյեկտիվ չէ մեղքը որևէ կողմի վրա բարդելը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մասնավոր հեռուստաընկերություններին: Պետական հանրային հեռուստաընկերությունների դեպքում խնդրի քննարկման սուբյեկտը կարող է առավել տեսանելի լինել, քանի որ պետական բյուջեով նկարահանված ֆիլմերի տարածման համար գոնե պետական բյուջեից ֆինանսավորում ունեցող հեռուստաընկերությունների շահագրգռությունը պետք է որ առավել մեծ լիներ: Այս դեպքում խնդիրը ևս մշակութային քաղաքականության բացի արդյունքն է: Սա թերևս գոյություն չունեցող՝ «Կինոյի մասին» օրենքի կարգավորման հիմնական դրույթներից մեկը պետք է լինի: Հայաստանում գործող հեռուստաընկերությունների մեջ միակ հոգևոր-մշակութային ուղղվածություն ունեցող ալիքը «Շողակաթ» հեռուստաընկերությունն է: Կարևոր հանգամանք է այն, որ այդ հեռուստաընկերությունն աշխատաում է առանց գովազդի, այսինքն` ռեյտինգ ապահովելու անհրաժեշտությունն այս դեպքում առարկայական չէ: «Շողակաթ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Արա Շիրինյանը հեռուստաընկերության` տեղական վավերագրական կինոյի հանդեպ ունեցած քաղաքականության մասին նշեց. «Մեր հեռուստաընկերությունը վավերագրական
  15. 15. կինոյի հանդեպ որևէ հատուկ վերաբերմունք կամ քաղաքականություն չունի: «Շողակաթը» գործում է հեռուստատեսության կանոններով: Թեև իր համար շատ էական չի համարում, այնուամենայնիվ, փորձում է ունենալ մեծ լսարան: Մենք երբեք չենք առաջնորդվում վարկանիշերով և կարծում ենք որ, եթե հեռուստատեսությունն ունենա իր մշտական հանդիսատեսը, որը, ամեն անգամ մեր ալիքը միացնելով, կհանդիպի որևէ հոգևոր-մշակութային հաղորդման, ապա մենք մեր ֆունկցիան կատարած կհամարենք: Իսկ վավերագրական կինոն մեր եթերում այնքան է, որքան հայաստանյան հեռուստատեսությունների ծրագրերի ընդունված պահանջարկն է: Ինչ խոսք, այդ մոտեցումը վաղուց պետք է վերանայվի և հեռուստաընկերությունների՝ վավերագրական կինոյի քաղաքականությունը բավական հին է, ինչպես և հնացած են մեր բոլոր պատկերացումները ժամանակակից հանդիսատեսի մասին: Այդ իմաստով՝ մենք չունենք իրական պատկեր: Այսօր առաջարկվող միակ ռեալ պատկերը համարվում է ռեյտինգը, որը մեզ չի բավարարում: Կարծում եմ՝ ժամանակն է մի փոքր էլ հակառակ ռեյտինգի աշխատել» (հատված Արա Շիրինյանի հետ կայացած հարցազրույցից): Հետաքրքրական է, որ հեռուստաընկերությունները հիմնականում իրենց իսկ արտադրանքով են սպառում սահմանված եթերաժամը: Նրանք շատ հաճախ նաև հեռուստատեսային վավերագրական կինոյի արտադրողներ են, թեև այն, ինչ ներկայացվում է որպես վավերագրական կինո, ուսումնասիրության և ժանրային վերլուծության դեպքում կարող է դասակարգվել հեռուստատեսային այլ որակի ու տեսակի արտադրությունների թվում, բայց ոչ վավերագրական կինոյի: «Շողակաթը» ևս, անհրաժեշտության դեպքում, ներքին ռեսուրսներով նկարահանում է վավերագրական ֆիլմեր. «Շողակաթ» հեռուստաընկերությունը զբաղվում է հեռուստատեսային վավերագարական ֆիմերի արտադրությամբ: Դրանք լրագրողական հետաքննությունների սկզբունքով են նկարահանվում: Մեր հեռուստատեսության վավերագրական ֆիլմեր նկարահանողները հիմնականում մեր լրագրողներն են, որոնք նաև պատրաստում են ընթացիկ ռեպորտաժներ: Իհարկե, հեռուստատեսային վավերաֆիլմ նկարահանելու ժամանակ նրանք ավելի ազատ են ժամանակի, նյութի վերծանման խորության մեջ: Սրան զուգահեռ՝ նկարահանում ենք նաև միջազգային ստանդարտներին համապատասխանող վավերագրական ֆիլմեր, որոնք, իհարկե, ավեի քիչ են. տարեկան գուցե մեկ կամ երկու: Դրանք հիմնականում նկարահանում են սեփական մտահղացմամբ մեզ դիմած անհատ ստեղծագործողներ, հեղինակներ: Հաճախ դրանք համատեղ արտադրություններ են, ինչպես Վահե Յանի՝ 2011-ին նկարահանած «Երկու ճանապարհ» ֆիլմը` Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի պատվերով: Մենք հնարավորություն չունենք վճարելու մեզ դուր եկած ֆիլմերի ցուցադրության
  16. 16. իրավունքի ձեռքբերման համար: Իսկ այն ֆիլմերը, որոնք մեզ են առաջարկում ցուցադրել, հիմնականում չեն համապատասխանում մեր հեռուստաընկերության գեղարվեստական չափանիշներին: Իհարկե, հեռուստաընկերությունը չէ, որ պիտի գնահատական տա ֆիլմին, բայց եթե դու ցուցադրում ես այդ ֆիլմը, դա նշանակում է, որ ընդունում ես տվյալ ֆիլմի գեղարվեստական, գեղագիտական որակը: Այն վավերագրական ֆիլմերը, որոնք փառատոններում մրցանակների են արժանանում, հիմնականում իրենց ֆորմատով և տևողությամբ չեն համապատասխանում հեռուստատեսությանը: Իսկ այն մոտեցումը, ըստ որի պատրաստվի հեղինակային վավերագրական ֆիլմի հեռուստատեսային տարբերակը ևս, մեզ մոտ դեռևս չի գործում: Գուցե նաև դա է հիմնական պատճառը, ինչի արդյունքում արտադրող ստուդիաները և հեռուստաընկերությունները համագործակցության եզրեր չեն գտնում» (հատված Արա Շիրինյանի հետ կայացած նույն հարցազրույցից): Ակնհայտ է, որ հեռուստատեսությունը ևս տեղական վավերագրական ֆիլմերի հանրայնացման համար առանձնակի նշանակություն չունի: Եւս մեկ տարածման ձև է տեսասկավառակը, որի մշակույթը նույնպես ձևավորված չէ և չի գործում նույնիսկ խաղարկային ֆիլմերի պարագայում: Իհարկե, խոսքը վերաբերում է պետական աջակցությամբ նկարհանված ֆիլմերին, քանի որ մասնավոր ընկերությունների կողմից նկարահանված բազմաթիվ ֆիլմեր վարձույթից զատ, թողարկվում են նաև սկավառակներով: Համացանցը թերևս միակ ազատ տարածությունն է, որտեղ ֆիլմի հեղինակային իրավունքները կրողը կարող է, դրանցից հրաժարվելու գնով, ֆիլմը տարածել ցանցային հեռուստաընկերությունների կամ այլ կայքերի միջոցով: Ինչ խոսք, այդ ճանապարհով շահույթ ունենալու կամ գոնե հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության հնարավորությունը դեռևս մոտ ապագայում դժվար է կանխատեսել: Փաստորեն արտադրական գործընթացում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների կողքին պակաս չեն նաև հետարտադրական և ֆիլմի տարածման ընթացքում հանդիպող խնդիրները: Նկարահանվող վավերագրական ֆիլմերի մի ստվար մասի կյանքն ավարտվում է մի քանի տեղական կամ, շատ հազվադեպ, միջազգային կինոփառատոների մասնակցությամբ: Նույնիսկ փառատոններում ունեցած հաջողությունը որևէ երաշխիք չէ, թե այդ ֆիլմն իր արտադրման երկրում կունենա ցուցադրության`իր հասցեատիրոջը հասնելու հնարավորություն: Իսկ այն ֆիլմերը, որոնք փառատոններին մասնակցելու հնարավորություն չեն ունենում, այդպես էլ ննջում են պահոցներում, թեև յուրաքանչյուր ֆիլմի ստեղծման համար ծախսվում է նվազագույնը երեք միլիոն դրամ:
  17. 17. Եզրակացություն Կատարված ուսումնասիրության արդյունքում կարելի է ենթադրել, որ Հայաստանում վավերագրական ֆիլմերի արտադրության զարգացմանը խոչընդոտող առաջնային խնդիրները ենթակառուցվածքային անորոշությունը, պետական օժանդակության բաշխման մեխանիզմի անհստակությունն ու անարդյունավետությունն են և ֆիլմերի տարածման ու վաճառքի համակարգի բացակայությունը: Այս իրավիճակում անհնար է դառնում այն հիմնաձևերի կիրառությունը, որոնցով առաջնորդվում են առավել կայացած կինոարտադրություն ունեցող երկրները, այն է`մասնավոր նախաձեռնությունն ու մրցակցությունն արտադրության, դիստրիբյուցիայի և ցուցադրման ասպարեզներում: Անհրաժեշտ է, որպեսզի մասնավոր ընկերությունները ևս հնարավորություն ունենան, իբրև առանձին իրավաբանական միավոր, օգտվել պետական բյուջեով վավերագրական կինոարտադրության համար նախատեսված հատկացումներից: Դա էլ, իր հերթին, կնպաստի վավերագրական կինոնախագծերով զբաղվող պրոդյուսերների ի հայտ գալուն: Այդ իմաստով՝ մեծ նշանակություն ունի նաև կինոարտադրության հարկման ձևաչափերի վերանայումը: Առանձին և ոչ պակաս կարևոր խնդիր է կինոժառանգության պահպանման և վերականգնման պետականորեն հաստատված կարգի բացակայությունը: Սովետական շրջանում յուրաքանչյուր կինոստուդիա ֆիլմի ավարտից հետո հիմնանյութերը (նեգատիվ, օպտիկական և մագնիսական ֆոնոգրամներ և այլն) պարտավոր էր հանձնել Պետֆիլմաֆոնդ կամ Պետական կինոֆոտոֆոնոարխիվ: Ի դեպ, այս կարգը բազմաթիվ երկրներում գործում է մինչ օրս: Այս ընդունված ձևի շնորհիվ մինչեւ 1991 թվականն արտադրված հայկական ֆիլմերը ապահով կերպով պահվում են Ռուսաստանի նշված ֆիլմադարաններում, իսկ այդ ֆիլմերի մի մասի պատճենները (կոնտրատիպ կամ պոզիտիվ) պահվում են Հայաստանի պետական արխիվում: Անկախացումից որոշ ժամանակ անց Ֆիլմադարանն անջատվեց Պետարխիվից, որպեսզի կատարի նույն դերը, ինչ կատարում են Ռուսաստանի Պետֆիլմաֆոնդը կամ այլ երկրների ֆիլմադարանները: Սակայն մի քանի տարի Ֆիլմադարանը վերադարձվեց Պետարխիվին: Վերջին հաշվով, կարեւոր չէ Ֆիլմադարանի ենթակայությունը, կարևոր է, որ վերջինս իր գործառույթներով համապատասխանի միջազգային պահանջներին: Որտե՞ղ են պահվում 1991-ից հետո նկարահանված ֆիլմերի հիմնանյութերն ու օրինակները՝ դժվար է ասել: Չի բացառվում, որ մի քանի տարի անց դրանք գտնելն արդեն անհնար կդառնա: Պետական և մասնավոր ստուդիաների, հեռուստաընկերությունների կողմից նկարահանված ֆիլմերն արխիվացվում են հենց իրենց մոտ: Անհրաժեշտ է, որ պետականորեն մշակված ձև լինի, և այդ գործառույթը
  18. 18. հանձնարարվի որևէ պետական կառույցի, ըստ որի՝ կգրանցվեն և կարխիվացվեն տվյալ տարում նկարահանված վավերագրական ֆիլմերը: Սա էլ, իր հերթին, կհեշտացնի պաշտոնական վիճակագրական տվյալների ապահովման գործընթացը, իսկ առանց ստույգ վիճակագրական տվյալների՝ անհնար է տվյալ ոլորտի կառավարումն ու դրա հեռանկարային պլանավորմումը: Գոյություն ունեցող խնդիրների մեծ մասը «Կինոյի մասին» օրենքի բացակայության արդյունքն են: Այդ օրենքի ընդունումն անհրաժեշտ է և պետք է ներառի ոլորտի մասնագիտական ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած պրոբլեմներին համարժեք լուծումներ ենթադրող դրույթներ: Նշված հարցերի լուծումը պայմաններ կստեղծի հայկական վավերագրական կինոն ստեղծված իրավիճակից հանելու և զարգացման ուղիներ նախորոշելու համար: Հեղինակ` Րաֆֆի Մովսիսյան Փորձագետներ` Միքայել Ստամբոլցյան Հարություն Խաչատրյան Սուսաննա Հարությունյան Նունե Սարգսյան Ռուբեն Գևորգյանց Արա Շիրինյան Էդգար Բաղդասարյան Իննա Սահակյան Վարդան Դանիելյան Դավիթ Ստեփանյան Հայկ Օրդյան Արմինե Անդա

×